Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ գործ անելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում անելու». ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Դեկտեմբեր 12,2019 18:06

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս 2019 թ․-ին Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրում և դրա աջակցությամբ իրականացվող Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպա Նոստրա» ծրագրի շրջանակում Հայաստանում գրանցված նշանակալի հաջողությունների մասին:
Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանը, «Եվրոպա Նոստրայի» խորհրդի անդամ Գայանե Կազնատին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, «Սոլակ – 1» հնագիտական պեղումների արշավախմբի ղեկավար Արթուր Պետրոսյանը, «Թումո» Ստուդիաների ղեկավար Մարալ Մկրտչյանը:

Հայաստանի Հանրապետությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին պաշտոնապես միացել է 2018 թ․ ամռանը, ծրագրի հայաստանյան գրասենյակը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։

«Հայաստանը մեծ պոտենցիալ ունի թե՛ նոր տեխնոլոգիաները կրթության մեջ կիրառելու, թե՛ հնագիտությունը, թե՛ գիտության և մշակույթի ամենատարբեր ճյուղերը հանրահռչակելու գործում: Մենք կարծես վախենում ենք մեր արժեքներն արդարացիորեն ներկայացնելուց: Վստահ եմ, որ այդ անվստահությունը թոթափում ենք և բաց ու համարձակ ենք աշխարհի առջև, ու գնալով վերարժևորում ենք մեզ՝ առանց ավելորդ ինքնասիրահարվածության, որովհետև կա իրական փաստ և գնահատական: Կուզենայի, որ մեր արվեստի գործիչները համարձակորեն դիմեին դրամաշնորհներին և այդպիսով հնարավորություն ունենային մեկ անգամ ևս մեր մշակույթով ներկայանալու աշխարահին: Մեզ գործ անելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում անելու»,-իր խոսքում ասել է Նարինե Խաչատուրյանը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանն ամփոփել է իրականացրած ծրագրերը. «Ստեղծագործ Եվրոպա ծրագրին ՀՀ-ն պաշտոնապես միացել է 2018 թ. հուլիսին: Ծրագիրն իրականացվում է յոթնամյա փուլերով: Երկու ենթածրագրերից` մշակույթ և մեդիա, Հայաստանը այս պահին անդամակցում է միայն մշակույթին: Այն հնարավորություն է տալիս մշակույթի բոլոր ոլորտներին, բացի աուդիովիզուալ ոլորտից: Աշխատանքներ են տարվում, որ այդ ոլորտում ևս Հայաստանը հաջողություններ ունենա: «Մշակույթ» ենթածրագրի շրջանակում ունենք դրամաշնորհային ծրագրեր, որոնք լայն հնարավորություն են տալիս արվեստագետներին և մշակութային կառույցներին՝ ոլորտում իրենց դրսևորելու: Դրանց շրջանակում գոյություն ունեն նաև մասնագիտական ցանցեր և հարթակներ, որոնք իրենց հերթին առանձին ծրագրեր են ներկայացնում, այդպիսի ծրագիր է նաև «Եվրոպա Նոստրան»: Այն եվրոպական մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման մեծածավալ ծրագիր է, որը իրականացվում է Եվրոպայի քաղաքացիական հասարակության կողմից:

Նախորդ տարվանից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրի շրջանակում համագործակցելով եվրոպացի գործընկերների հետ` ԳԱԿ Փոքր թատրոնը մասնակցում է ImPart ներառական թատերական նախագծին, որտեղ նրանք համատեղ ներկայացումներ են բեմադրում և մատուցում միջազգային բեմերում, իսկ  մեկ այլ ծրագիր՝ Արէ կատարողական արվեստների փառատոնը հնարավորություն է տալիս հայ արվեստագետներին մասնակցելու միջազգային աշխատարանների և վերապատրաստման ծրագրերի: Եվս 6 հայաստանցի արվեստագետ i-Portunus ճամփորդական դրամաշնորհով ստեղծարար գործունեություն է իրականացրել Եվրոպայի մի շարք երկրներում` ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ: Այս տարվա ընթացքում Ստեղծագործ Եվրոպա ծրագրի շնորհիվ հայաստանյան մշակութային կազմակերպությունները համագործակցել են 10-ից ավելի եվրոպական երկրների իրենց գործընկերների հետ՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների: Սա հրաշալի հնարավորություն է ամրացնելու կամուրջները և նոր կամուրջներ ստեղծելու՝ մատուցելու նաև հայկական տաղանդը և մշակույթը»:
Սեդա Գրիգորյանը հավելել է նաև, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին Թումոյում  մասնակցային ձևաչափով արվեստագետները մանրամասն կներկայացնեն իրենց փորձառությունը այս ծրագրերում:

Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանից հաղթել է միանգամից երկու նախագիծ` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը` Կրթություն անվանակարգում, և «Սոլակ-1» հնագիտական հետազոտությունների արշավախումբը` Հետազոտություն անվանակարգում:

Գայանե Կազնատիի խոսքով «Եվրոպա Նոստրա» ծրագրին միացել են շուրջ 400 կազմակերպություն 40 երկրից: Ծրագրի շրջանակում ամեն տարի որոշվում են այն հուշարձանները, որոնք պետք է ներառել 7 ամենավտանգված հուշարձաններ ցանկում: Եվրոպա Նոստրայի` Եվրոպական նյութական և ոչ նյութական ժառանգության «7 ամենավտանգվածները»  2020թ. ցանկում առաջադրվել և առաջին փուլում հաստատվել են Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես հայ ավանդական գինեգործության մեթոդ:

Գայանե Կազնատին կարևորել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դերը. «Սա կազմակերպություն է, որ պետք է փոխի Հայաստանի ապագան, քանի որ կրթության ոլորտում հնարավորություն է տալիս բոլոր երիտասարդներին»:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն իր խոսքում նշել է.- «Հայաստանում տարվող գիտակրթական ծրագրերը հետզհետե դառնում են եվրոպական համանուն միջավայրի անքակտելի մաս: Դա նշանակում է, որ հայկական գիտությունը, հնագիտությունը պետք է ինտեգրվի եվրոպական գիտությանը»:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031