Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը

Դեկտեմբեր 12,2019 16:20

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին (SFRC) և նրա հաստատումը՝ 18 կողմ և 4 դեմ ձայներով քվեարկությամբ՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ հյուսիսարևելյան Սիրիա իր ռազմական ներխուժման համար: Հաջորդ քայլը ամբողջ Սենատի հաստատումն է:

Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը՝ S.2641, ներկայացրել էին SFRC նախագահ Ջեյմս Ռիշը (Հանրապետական, Այդահո) և Հանձնաժողովի ավագ անդամ Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի)՝ Սենատորներ Մարկո Ռուբիոյի (Հանրապետական, Ֆլորիդա), Դագ Ջոնսի (Դեմոկրատ, Ալաբամա), Քորի Գարդների (Հանրապետական, Կոլորդաո) և Ջոն Բարասոի (Հանրապետական, Վայոմինգ) հետ միասին:

«Թուրքիայի աջակցությունը ԻԼԻՊ-ին և նրա հարձակումները էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների վրա աններելի են: Անցյալ ամիս տեղի ունեցած սպանությունը, որի ժամանակ ԻԼԻՊ-ի զինյալները մեծ հպարտություն ապրեցին՝ սպանելով մի հայ քահանայի, ով ճամփորդում էր հյուսիսային Սիրիայում գտնվող Դեր Զորի հայ կաթոլիկ եկեղեցի այցելելու համար, վեր է պարզապես դատապարտելի լինելուց: Ինչպես մենք նախկինում հայտարարել ենք, Թուրքիան պետք է դադարեցնի սատարել ահաբեկչությանը և անհապաղ պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից»,- հայտարարեցին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

«Մենք ողջունում ենք Հանձնաժողովի նախագահ Ռիշին և ավագ անդամ Մենենդեզին այս չափազանց անհրաժեշտ նախաձեռնության համար»,-հավելեցին նրանք, մինչ հենց այսօր New York Times-ի մի վերնագրում ասվում էր. «Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում ԱՄՆ-ի զորքերի համար ավելի մեծ վտանգ են համարվում, քան ԻԼԻՊ-ը»:

«Այս վերջին տարվա ընթացքում Թուրքիայի գործողությունները իսկապես ընդունելի պահվածքի սահմաններից դուրս են»,- Twitter-ում ասաց Հանձնաժողովի ավագ անդամ Մենենդեզը: «Այս օրինագիծը պարզաբանում է Թուրքիային, որ Սիրիայի նկատմամբ իր վարքագիծը անընդունելի է և S400 համակարգի ձեռքբերումն անտրամաբանական է»:

Օրինագծում ասվում է, որ «Թուրքիայի ռազմական ներխուժումը Հյուսիսարևելյան Սիրիա՝ լարվածության անթույլատրելի և անտեղի սրացում է, որը կարող է սուր մարդասիրական ճգնաժամի հանգեցնել», ինչպես նաև «չեղարկել Իրաքի և Սիրիայի (Լևանտի) իսլամական պետության (ԻԼԻՊ) դեմ պայքարում ձեռք բերված հավաքական նվաճումները»: Այն նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել թուրքական կառավարության պաշտոնյաների և թուրքական զինված ուժերի նկատմամբ, որոնք պատասխանատու կամ հանցակից են «զինված հակամարտության մասին օրենքի խախտման» կամ «միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կոպիտ խախտման» համար:

Որպես ՆԱՏՕ-ի անդամ «Թուրքիան պայմանագրային պարտավորություն ունի պաշտպանել ժողովրդավարության, անհատական ազատության և օրենքի գերակայության սկզբունքները»,- ըստ օրինագծի և «պետք է միավորված լինի ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ՝ հավաքական պաշտպանության ու խաղաղության և անվտանգության պահպանման ջանքերում»:

Փոխարենը, Թուրքիայի գործողությունները շարունակում են խաթարել դաշինքը և ապակայունացնել տարածաշրջանը, ինչպես շարադրված է վերջերս կազմված երկկուսակցական նամակում, որը նախաձեռնվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելի (Դեմոկրատ, Նյու Յորք) կողմից, որտեղ օրենսդիրները գրեցին. «Նախագահ Էրդողանի որոշումը՝ հոկտեմբերի 9-ին ներխուժել հյուսիսային Սիրիա, աղետալի հետևանքներ է ունեցել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, հանգեցրել է ՆԱՏՕ-ի դաշինքի խորը պառակտումների և տեղում մարդասիրական ճգնաժամի»:

Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում թուրքական ուժերը 8 երեխա սպանեցին հյուսիսային Սիրիայում գտնվող Թալ Ռիֆաթ քաղաքում՝ հաղորդվում էր ավելի շատ կորուստների մասին, մինչ Թուրքիայի նախագահ Էրդողանը անտեսեց ՆԱՏՕ-ի դաշինքի մտահոգությունները և սպառնաց վետո դնել Բալթյան երկրների ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրի վրա: Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններից պահանջեց հաստատել իր սեփական կեղծ պնդումը՝ թե Թուրքիայի սահմաններին գտնվող սիրիացի քուրդ մարտիկներն ահաբեկիչներ են՝ մի սահմանում, որն ԱՄՆ Պենտագոնը մերժեց:

Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բոբ Մենենդեզը Սենատում՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունից րոպեներ անց

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Ամերիկայի հայկական համագումարի մամուլի հաղորդագրություն

Լուսանկարում՝ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշ (Հանրապետական, Այդահո) և Հանձնաժողովի ավագ անդամ Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031