Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը մի ջիլ էր մնացել, ոտքս ծնկից ներքև կտրվել էր լրիվ». Վերականգնվել է 15 տոննանոց քարի անկմամբ կտրված ոտքը

Դեկտեմբեր 12,2019 15:05

Օրերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանն ավարտին է հասցրել բազմաբարդ 3 էտապով նախատեսված վիրահատությունը, որն իր տեսակի մեջ եզակի է:

2013 թվականի բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդին այլ հիվանդանոցում ցուցել են ոտքի ամպուտացիա` կյանքը փրկելու նպատակով: Հիվանդի մոտ ախտորոշվել է բազմաբեկոր ներհոդային կոտրվածք` մաշկի և հյուսվածքների ջնջխումով:

Տվյալ հիվանդանոցի կարծիքը կիսել են նաև ՍԳԼ-ի անոթային և միկրովիրաբույժները` կյանքը փրկելու նպատակով վերջույթի ամպուտացիայի անհրաժեշտություն:


Դեպքը տեղի է ունեցել քարի հատման արհեստանոցում: Ինչպես պատմում է պացիենտ Նորիկ Մարգարյանը աշխատանքի ընթացքում անուշադրության արդյունքում նրա ձախ ոտքին է ընկել 15 տոննանոց քար, որից հետո ոտքը կտրվել է ամբողջությամբ. «Ընդամենը մի ջիլ էր մնացել, ոտքս ծնկից ներքև կտրվել էր լրիվ, ես աշխատող մարդ եմ, չէի ուզի հաշմանդամ մնալ, ինձ նման կյանք պետք չէր»,- հիշում է Մարգարյանը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը դեմ էր վերջույթի ամպուտացիային: Նրա ստորագրությամբ և պատասխանատվությամբ անոթային վիրաբույժի հետ մոտ 8,5 ժամ տևած վիրահատության արդյունքում փրկվում է Մարգարյանի ոտքն ու կյանքը:

Վիրահատության երկրորդ էտապով իրականացվում է որոշակի միջամտություն, ինչպես նաև ոսկրի պլաստիկա, որից հետո տեղի է ունենում ոսկրի սերտաճում: Նորիկ Մարգարյանին առաջարկվում է վերջնական վիրահատություն` սրունքի ոսկորների ուղղիչ ոսկրահատում, Իլիզարովի ապարատի տեղադրում և վերջույթի երկարացում:

«Առաջին վիրահատությունից հետո էլ ես ինքնուրույն եմ քայլել, ուղղակի կաղում էի: Բժիշկ Մանուկյանը շատ սրտացավ ու համառ էր, ինչի համար ես շնորհակալ եմ ու խոսքեր չունեմ, նա մշտապես պնդում էր, որ ինձ երրորդ վիրահատությունն է պետք, որ ոտքս երկարացնեն ու հավասարվի մյուսին»,- ասում է պացիենտը:

Երրորդ վիրահատությունը հաջող է անցել, շուտով Նորիկ Մարգարյանը հրաժեշտ կտա ժամանակավոր հենակներին և ինքնուրույն կքայլի:

 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031