Մատչելիության հղումներ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ ստանալով 144 ձայն


Շվեյցարիա, Ժնև - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանը, արխիվ
Շվեյցարիա, Ժնև - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանը, արխիվ

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս», - գրել է վարչապետը:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։

Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին ՄԻԽ ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Լեհաստանի և Մոլդովայի թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 144 ձայն, ընտրվեց առաջին փուլով (Լեհաստան` 124, Մոլդովա` 103 ձայն)։ Ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ անդամ երկրների մեծամասնության քվեն, այն է՝ 97 ձայն։

«Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրությունը վկայում է միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում գրանցված նշանակալի առաջընթացի ճանաչման մասին», - ասված է հաղորդագրությունում:

«Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդին անդամակցում է առաջին անգամ։ ՄԻԽ-ին իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառություններն և առաջնայնություններն իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ուղղված ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը, էթնիկ ու կրոնական խմբերին թիրախավորող այլատյացության հողի վրա հանցանքների դեմ պայքարին, կանանց և երիտասարդության իրավունքների պաշտապանությանը, խաղաղ և ներառական հասարակությունների կայացմանը», - հայտարարում է Արտաքին գործերի նախարարությունը:

Հայտարարությամբ է հանդես եկել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մասնավորապես ասելով․ - «Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և բազմակողմ արդյունավետ փոխգործակցության կողմնակից՝ Հայաստանը ստորագրել և միացել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող բոլոր հիմնարար փաստաթղթերին և նախաձեռնություններին։ Այսօր կարող ենք արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այդ հանձնառությունները ոչ միայն մեր պետության իրավական համակարգի, այլև ազգային արժեհամակարգի և ինքնության կարևոր մասն են»։

«Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը», - ընդգծել է նախարարը:

«Հայաստանը վճռական է իր ներդրումը բերել Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընթացող միջազգային համագործակցությանն ու երկխոսության ամրապնդմանը, և այդ նպատակով մենք արդեն իսկ հանդես ենք եկել հստակ հանձնառություններով, որոնք նախատեսում ենք իրագործել առաջիկա տարիների ընթացքում։ Մենք շարունակելու ենք պայքարել ինքնության հիմքով խտրականության դրսևորումների, այլատյացության, անհանդուրժողականության և ատելության խոսքի և քարոզի դեմ, որովհետև Հայաստանին և հայ ժողովրդին լավ հայտնի են այդ հիմքերով մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքները», - հայտարարել է Մնացականյանը:

«Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006 թվականին, հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օժանդակ միջկառավարական մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 47 երկրներից։ Այն զբաղվում է աշխարհում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության հարցերով, մարդու իրավունքների խախտումների հասցեագրմամբ ու դրանց վերաբերյալ համապատասխան խորհրդատվություններ անելով։ ՄԻԽ կենտրոնակայանը գտնվում է Ժնևում», - նշված է ԱԳՆ-ի տարածած տեղեկանքում:

Նշենք, որ 2003 թվականին Հայաստանը երեք տարով ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովի գործունեությունը դադարել է 2006 թվականի մարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG